ԿՅԱՆՔԻ ԴԱՍԸ
[ էջ 599 ]
ԿՅԱՆՔԻ ԴԱՍԸ
Գեշ եղիր, էշ մի լինիր, որ վրադ չնստեն մարդիկ,
Սպանիր, մի սպանվիր՝ կռվի մեջը եղիր ճարպիկ,
Վախեցուր, մի վախենար՝ կտրիճ եղիր աշխարհի մեջ,
Ծամելու ձութ մի լինիր, արճիճ եղիր աշխարհի մեջ։
Պատիվդ շոշափողին դահիճ եղիր աշխարհի մեջ,
Թող դնեն քո անունդ, վնաս չունի, կռվածաղիկ։
Տեսնում ես քեզ ուտում են, կեր մի գնալ, դու նրանց կեր։
Փոխվել է ժամանակը, արիացիր, խոհեմ ընկեր.
Կաշխատի ամենայն ոք, որ ինքը բարձրանա շուտ վեր.
Թե լինես դերակատար՝ մի վերցնի խղճալու դեր,
Թույն եղիր, կաթ մի լինիր՝ որ չշինեն ուտելու սեր,
Խեղճ ձկնից օձը լավ է, որսողները չեն գա մոտիկ։
Թույլերը պարտվում են, զորեղները գործը տանում,
Գոյության կռվի մեջը մեծը փոքրին է կլանում,
Ժիր եղիր, խեղճ մի լինիր, հասկացիր, թե ինչ ես անում,
Աշխատիր, որ երևաս գործով մարդկության շրջանում
Քաջ եղիր, որ անունդ գրեն մարդկության մատյանում,
Աշխարհը քեզ դասագիրք՝ աչքիդ առաջ ահավասիկ։
Լաց լինող մուրացկանին երես չի տա մարդկությունը,
Որ տկար եղբոր մասին եռ չի գալիս յուր արյունը.
Այսպես է, բարեկամս, ողջ աշխարհի կեցությունը,
[ էջ 600 ]
Թե ժիր ես, հաց կճարես, թե խեղճ ես՝ մտիր անկյունը,
Իմացիր գութ չի շարժել դատարկ, անգործ հառաչյունը.
Լալկանի դեր խաղացող ժողովուրդը չէ երջանիկ…
Փող դատիր թող այլք ուտեն, կարոտ մի լինիր ուրիշին։
Դժվար է փող ուզելը, դուրս է գալիս մարդու հոգին,
Թշնամիս խեղճ չլինի, խեղճությունը մտնի գետին,
Ճիգ թափե, քրտինք թափե դու բեռ մի լինի ոչ ոքին,
Եթե չես կարող մրցել, իմացիր քեզ մահն է բաժին,
Ջիվանի, կյանքն է կռիվ, պետք է լինել քաջամարտիկ,
1907
[ էջ 601 ]
ԵՂԱԾՆ ԵՂԵԼ է
Անցած բանի համար ցավելն իզուր է,
Օգուտ չի տալ քեզի, եղածն եղել է,
Վնասը մեկ քեզի չէ, ընդհանուր է,
Ափսոս ես, մի տրտմիլ, եղածն եղել է։
Երեկը որքան որ անցրիր պայծառ,
Չէ արժել մեկ այսօր, լինիս էլ թշվառ.
Աշխատիր դու գալոց ցավի առաջն առ,
Կոտրվածը չի շինվիլ, եղածն եղել է։
Անցյալը քեզ համար խրատ է ընտիր,
Ներկայումս եթե լինիս քաջ ու ժիր,
Շնորհք ունիս նորը ձեռք բեր, տեղը դիր,
Հինը ձեռք չի անցնիլ, եղածն եղել է։
Անցած օրը կրկին ետ չի գար բնավ,
Համարյա ձեռիցդ թռչուն էր, թռավ.
Ամեն կորուստ հեշտ չի գտնվիլ դյուրավ,
Իզուր մի աշխատիլ, եղածն եղել է։
Ծերը երբեք չի մանկանա, խեղճ տխմար,
Ունայն մի տառապիր, չես գտնիլ հնար,
Թող առաջուց լայիր վատ գործի համար,
Հիմա չա՛ր թե բարի՝ եղածն եղել է:
[ էջ 602 ]
Ջուրը ջուր կդառնա, հողը՝ կրկին հող,
Քու էլ վերջդ այդ է, ի՛նչ ես ելել դող,
Քո ցավդ լաց, ննջեցյալին հանգիստ թող,
Չես կարող տալ հոգի, եղածն եղել է:
Պիտո է հանցանքը չգործա՛ծ ցավել,
Զուր է վերջը զղջալ և ապաշխարել.
Որդին իր հոր մեղքը չի կարող քավել
Հարյուր տարի ճգնի՝ եղածն եղել է:
Անփոփոխ, միակերպ բնությունն է մին,
Մարդոց երևէջն շատ վաղուց է հին,
Առաջինն արթուն կաց, դու չընկնիս գետին,
Ընկար՝ շուտով կանգնիր, եղածն եղել է։
Հանցանքդ քեզ վրա հաստատվեց, դրվեց,
Վկաներդ փախան, փաստերդ ջրվեց,
Մեղքդ դատարանով արձանագրվեց,
Լացով չես պրծնիլ, եղածն եղել է:
Ջիվանի, մտածե գործը հետագա,
Երջանիկ անցյալդ էլ ետ չի դառնա,
Տա աստված նոր ծառը որդունք չունենա,
Փտածը չի ծաղկի, եղածն եղել է։
1893
[ էջ 603 ]
ՈՐԴԻ
Վայրախոս աքլորին մի լսիր, որդի,
Տարաժամ քնիցդ զարթնելը լավ չէ,
Տակից դու չես կարող դուրս գալ, իմ հոգի,
Չափազանց մեծ գործի կպչելը լավ չէ։
Հանգամանքը պիտի օգնե, իմ հոգյակ,
Ջուր ծեծելով դու չես ունենա վաստակ,
Անբնական մահով, առանց նպատակ,
Ցավող չես ունենալ, մեռնելը լավ չէ:
Սիրտ ու եռանդ ունիս, գիտեմ, լավ տղա,
Պահիր քաջությունդ մեկ օր պետք կուգա,
Այնպես մեռիր՝ մահդ մարդկանց օգուտ տա,
Առանց հետք թողնելու կորչելը լավ չէ:
Լսիր խոսքը քու Ջիվանու երգասաց,
Ծառից վար մի բերիլ միրգը չհասած,
Շորերդ մի հանիլ ջուրը չը տեսած,
Խելառ ոչխարի պես խրտնելը լավ չէ։
1907
[ էջ 604 ]
ԽՐԱՏ ԸՆԿԵՐԻՍ
Իմ ձախորդությանս մի խնդա, ընկեր,
Քեզ էլ կըպատահի այս բանը մեկ օր,
Դու վարը կընստես, ինձ կըկանչեն վեր,
Բախտերս կըփոխե շրջանը մեկ օր։
Փողի վրա հույս մի դներ հավիտյան,
Մտնի ու դուրս գա շատ մարդու գրպան.
Բախտի բերմամբ ծառան կըլինի իշխան,
Իսկ ծառա կըդառնա իշխանը մեկ օր։
Փնտրես ու չես գտնիլ մի խեղճ ավանակ,
Քու զարդարված նժույգ ձիուդ փոխանակ.
Ամեն անգամ ձիդ չի տանի մրցանակ,
Ուրիշի՛ն կըմնա մեյդանը մեկ օր։
Քու ընկեր Ջիվանուդ խոսքերը միշտ լո՛ւր,
Առաքինությունը պի՛նդ բռնի ամուր.
Մեռնելիս կըդառնաս հողին կերակուր,
Մտնելով սև մահի ուռկանը մեկ օր։
1887
[ էջ 605 ]
ՍԻՐՏ
Ձախորդության վերջը հաջողություն է.
Ուրախացիր, մի վհատիր, փափուկ սիրտ.
Համբերանքը քաջին հաղթողություն է,
Դադար եղիր, մի՛ թրթռա, մանուկ սիրտ։
Քաղցածությունդ քո մի հայտնիր անմեղ,
Երբ որ չի կշտանար քո փորըդ այնտեղ,
Աշխատիր, քո ցավին ի՛նքդ արա դեղ,
Մի հայտնիր ամենին, պահե ծածուկ, սիրտ։
Ուշք դարձրու Սողոմոնի առակին,
«Խրատ ունիս՝ խոսի դու քո զավակին»։
Մի՛ նախանձիր քո ընկերիդ վիճակին,
Խնդիրս քեզանից այս է հատուկ, սիրտ։
Աղաչում եմ, Ջիվանիիս թող դադար,
Զուր մտքերով ինձ մի տանջիր չարաչար,
Լավ պահե, չը խփեն ապակիիդ քար,
Ընտիր ժամացույց ես լարված, բանուկ սիրտ։
1890
[ էջ 606 ]
ՈՉԻՆՉ
Դրա՛ցի, թե իրար չօգնենք,
Մենք էլ ոչինչ, դուք էլ ոչինչ,
Եթե չհաշտվենք, կռվենք,
Մենք էլ ոչինչ, դուք էլ ոչինչ։
Աչք ու ակաջներս բանանք,
Լսենք, տեսնենք, արթուն մնանք,
Թե ծուռ ճանապարհով գնանք,
Մենք էլ ոչինչ, դուք էլ ոչինչ:
Իսկական մեր գործի մասին,
Պետք է աշխատենք միասին,
Թե մեր սերերը պակասին,
Մենք էլ ոչինչ, դուք էլ ոչինչ:
Մենք մեր վերքին ըսպեղանի
Թե չը դնենք, խոր կըբանի,
Ջուրը կուգա մեզ կըտանի,
Մենք էլ ոչինչ, դուք էլ ոչինչ:
Ապրում ենք մեկմեկուց խռով,
Տներս մոտ, իրարու քով,
Եթե խելքի չգանք շուտով,
Մենք էլ ոչինչ, դուք էլ ոչինչ:
[ էջ 607 ]
Երկուքս էլ անուժ ու տկար,
Պիտի օգնենք, ձեռք տանք իրար,
Թե չլանք մեկմեկու համար
Մենք էլ ոչինչ, դուք էլ ոչինչ:
Լինենք հեռատես, իմաստուն,
Խելք ճարեք, որ ելնենք գարուն,
Թե չպահենք մեր մոր լեզուն,
Մենք էլ ոչինչ, դուք էլ ոչինչ։
Ջիվանի, գանգատ ունինք մենք,
Անհաս ենք, հասուն մարդիկ չենք,
Քանի որ դեռ այս խելքին ենք,
Մենք էլ ոչինչ, դուք էլ ոչինչ:
1904
[ էջ 608 ]
ԸՆԿԵՐ
Բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը՝ մարդուն,
Փայլեցնում է արևի պես պատկերը մարդուն,
Ինչ մարդ ունենա յուր մոտը հավատարիմ ընկեր
Ցերեկի նման անցնում է մութ գիշերը մարդուն։
Կյանքդ նվիրես ընկերի լավին, քիչ է դարձյալ,
Այնպես է հոգեկան լուսատու լապտերը մարդուն,
Ընկեր եմ ասում, հաստատակամ, ճշմարիտ ընկեր,
Որ բարձրացնե աստիճանը միշտ վերը մարդուն։
Թշնամիները յուր վերա գալած ժամանակը,
Կտրիճ, հարազատ ընկերն է սուսերը մարդուն.
Ով որ ունենա մտերիմ ընկեր, Ջիվան աշըգ,
Չի՛ սպիտակեր ամենևին մեկ հերը մարդուն։
1874
[ էջ 609 ]
ՆԵՐԿԱՆ
Ոչ անեծքդ կանցնի և ոչ օրհնանքդ,
Զորեղ մարդու դեմը ուժ պետք է տկա՛ր,
Թե ձեռքդ զենք չունես, չես փրկիլ կյանքդ
Դիմացինդ դայլ է, դու ինքդ ոչխար։
Փորձությունը միշտ կուգա անակնկալ,
Քո անձդ պաշտպանե, պարապ մի մնալ,
Երբ մեկը կաշխատե քու կյանքիդ վերջ տալ,
Գառի պես մի մեռնիր, գլխիդ արա ճար։
Արևի պես ամպերի մեջ պահ մտած
Խեղճերու երեսին չի նայում աստված
Կաշիդ տրեխ կանեն, միսդ խորոված,
Շո՛ւն եղիր, մի լինի եզի պես խոնարհ։
Ջիվան, ով ճարպիկ է լավ կյանք կվարե.
Քսաներորդ դարն է, ժիր մարդու դար է.
Իշու աշխատանքը ձիու համար է,
Մի՞թե չես հասկացել, խղճալի տխմար։
1903
[ էջ 610 ]
ԵՐԿՈՒ ՏՈՂ
Ով չի սիրիլ անձը իրան
Ուրիշին սիրել չի կարող.
Ինչ մարդ չի պահել պատվիրան,
Այլոց պատվիրել չի կարող:
Հասուն խելքն է բան շինողը,
Ընտիր խոսքեր հորինողը,
Կամացը տեր չը լինողը
Իր տանը տիրել չի կարող:
Ընկած–ելած մարդն է հարգի,
Նա է զտված մաքուր ոսկի,
Անփորձ, վախկոտ հարուստն իսկի,
Մի փող նվիրել չի կարող:
Ջիվանի, մարդն է բանական,
Դիմացող է մեծ նեղության
Չի ունենալ բարի վախճան,
Ով որ համբերել չի կարող:
[ էջ 611 ]
ԽՐԱՏ
Մի տեղում շատ գնալ-գալ մի ունենա,
Սերը կպակասի, վատ բան դուրս կուգա,
Անծանոթին խորհուրդ տալ մի ունենա,
Կարծածդ մետաքսը քաթան դուրս կուգա։
Չե՞ս իմացել — կասեն, փեսա, ուշ արի,
Գալած ժամանակդ միշտ անուշ արի.
Խոհեմ ընթացք բռնե և զգույշ արի,
Ամբարտավան մարդուց զիան դուրս կուգա։
Որքան որ ինքդ քեզ կարծում ես վարպետ,
Մի դեպք կպատահի, քեզ կվանեն ետ,
Շատ մի մտերմանալ անփորձ մարդու հետ,
Գառ կարծածդ հանկարծ գազան դուրս կուգա։
Ջիվան, կձանձրանա յուր ազգականը,
Երկար հյուր լինելով մարդ նրա տանը,
Կըերևի անհամության նշանը,
Թ՚անկ մտնողը վերջը էժան դուրս կուգա:
[ էջ 612 ]
ՈՎ ԿՏՐԻՃ
Գոյության կռվի մեջ որպես քաջ զինվոր
Կռվիր քանի մեջդ ուժ կա, ով կտրիճ.
Պատերազմի դաշտում մեռիր պատվավոր,
Դեն մի ձգիր քու աղեղդ լայնալիճ։
Մի մտնիր նենգի հետ բանակցության մեջ,
Նամանավանդ գործով կապակցության մեջ,
Խորամանկի քաղցր խոսակցության մեջ
Թունավոր իժ օձ կա և խայթող կարիճ։
Մեծ ախոյան ունես նման Սավուղին,
Երգե ու նվագե, լարե տասնաղին.
Որտեղից որ պիտի անցնի քո ուղին,
Չորս կողմը փշապատ տիղմ է ու ճահիճ։
Սովորի, Ջիվանի, նեղության տոկալ,
Անարժան մարկանց մոտ վերքդ բթանալ,
Անարդար, տմարդի գործ մի ունենալ,
Զգույշ կաց խիղճդ քեզ չդառնա դահիճ։
1900
[ էջ 613 ]
ՂՈՇՄԱ
Այլոց տունը քեզ օթևան չի լինի,
Աշխատիր քեզ համա՛ր օթևան ճարե.
Օտարը շատ ունի հաց, անուշ գինի,
Քեզ ի՞նչ օգուտ, որ քո բանը դժվար Է։
Մոլիներու կյանքին աչք մի ունենա
Նորանց ճիգ ու ջանքին աչք մի ունենա,
Այլոց աշխատանքին աչք մի ունենա,
Ճակատիդ քրտինքով քեզ կառավարե։
Ուսում սովորիր, անվարժապետ մի մնար,
Գորտի գորգով բռնված գետ մի մնար.
Միշտ աշխատիր, ընկերից ետ մի մնար,
Այլոց նման դո՛ւ ևս բան հնարե։
Ջիվան, անուսումին հիմար կանվանեն,
Անօգուտ մարդ, խելքից տկար կանվանեն,
Ապրուստ չճարողին խավար կանվանեն
Ասելով այս դարը լուսավոր դար է։
[ էջ 614 ]
ԲԱԽՏԻ ՇՐՋԱՆԸ
Ազնիվ բարեկամ, անունդ ակ չի մնար այդպես.
Մեկ օր կպատահի հակառակ, չի մնար այդպես.
Միշտ օրը ցերեկ, խավարը փակ չի մնար այդպես.
Հանկարծ մութը կուգա, արեգակ չի մնար այդպես,
Բախտին մի հուսար, միշտ հաջողակ չի մնար այդպես,
Կդառնա մեկ օր, շատ ժամանակ չի մնար այդպես։
Շատին քեզի պես բարձրացուցել խաբել է բախտը,
Քանի քանիսին վառ կրակով լափել է բախտը,
Որչա՞փ քաջերու խելքերը միշտ չափել է բախտը,
Նախ՝ երկինք է հաներ, հետո՝ վար թափել է բախտը.
Բախտին մի հուսար, միշտ հաջողակ չի մնար այդպես,
Կդառնա մեկ օր, շատ ժամանակ չի մնար այդպես։
Ուր է Ադամը և Նոյը, ուր է Մաթուսաղան,
Ուր է Սողոմոն Մեծն իմաստուն, Դավիթ իշխան,
Ողջին մահը վախճան տվել՝ տարել է գերեզման.
Քեզ էլ պիտի մեկ օր մահը հասնի ու տա վախճան։
Բախտին մի հուսար, միշտ հաջողակ չի մնար այդպես,
Կդառնա մեկ օր, շատ ժամանակ չի մնար այդպես։
Զարթիր քնիցդ, չորս բոլորդ նկատե, ով մարդ,
Խիղճդ դադարեցուր, ցավերդ փարատե, ով մարդ.
Մինչ կենդանի ես՝ քեզ դժոխքից ազատե, ով մարդ,
[ էջ 615 ]
Աշխարհն իմացիր, թերի է, անհաստատ է, ով մարդ,
Բախտին մի հուսար, միշտ հաջողակ չի մնար այդպես,
Կդառնա մեկ օր, շատ ժամանակ չի մնար այդպես։
Ճշմարտությունը միշտ հարաժամ հառաջ է, ետ չէ,
Նորան հետևիր, ով բարեկամ, նա չար աղետ չէ.
Հաստատ ամենևին մի թագավոր գահապետ չէ,
Բախտը ապերախտ է, որովհետև արահետ չէ.
Բախտին մի հուսար, միշտ հաջողակ չի մնար այդպես,
Կդառնա մեկ օր, շատ ժամանակ չի մնար այդպես։
Ուր տեղ է Աղեքսանդրի նման աշխարհակալը,
Ուր տեղ է Դարեհ քաջ Սասանյան աշխարհակալը.
Ուր է Արտաշես Արշակունյան աշխարհակալը.
Անբախտ է մեռել գիտցի, Ջիվան, աշխարհակալը.
Բախտին մի հուսար, միշտ հաջողակ չի մնար այդպես,
Կդառնա մեկ օր, շատ ժամանակ չի մնար այդպես։
1872
[ էջ 616 ]
ԿԱԽԱՐԴ
Կախարդի՞ն ես հավատում, ով մարդ,
Խաբում են, քո, գլխին անում են բժիժ,
Ապագադ չես գիտեր, որս կընկնես թակարդ,
Իզուր տեղը հետո կքաշես, պատիժ։
Ստին հուսացողը իսկ բնաջինջ է,
Միտ խաբողը՝ ուղղության հետ կռինջ է,
Նորա գրի զորությունը ոչինչ է,
Եվ չի կարող սրբել արտասուք կամ բիժ:
Ջիվան, կարծես ստությունն էլ մեկ ծես է,
Ստախոսին մարդ խաբելը հանդես է,
Կախարդներու ճշտությունը այսպես է,
Ցաված աչքին կպցնում են ծառի խիժ։
1897
[ էջ 617 ]
ՀԱՄԲԵՐԵ
Մի այլայլվիր իզուր տեղը
Համբերե, սիրտս, համբերե,
Համբերանքն է սրտիդ դեղը,
Համբերե, սիրտս, համբերե:
Աշխարհը մեծ, լայնատարած,
Ստեղծեց մեզ համար աստված,
Ոչ մի մարդ չի՛ մնալ քաղցած,
Համբերե, սիրտս, համբերե։
Հուսով եղիր միշտ աներկբա,
Դեպքը հաջող դուռ կըբանա.
Շրջանը այդպես չի մնա,
Համբերե, սիրտս, համբերե։
Քեզանից պատվով ու պայծառ
Մարդիկ շատ են եղել թշվառ —
Դու նրանցից օրինակ առ,
Համբերե, սիրտս, համբերե։
Փչելով մեկ քամի թեթև,
Կըվանե ողջ ամպ ու անձրև.
Շուտ կըծագե պայծառ արև —
Համբերե, սիրտս, համբերե։
1892
[ էջ 618 ]
ԶԳՈԻՇՈԻԹՅՈԻՆ
Մարդ, քեզի կըատեն վատ ճանաչելեն,
Հարաժամ բախտը աստիճան չի բերեր,
Աքաղաղը կըդադարի կանչելեն,
Միշտ քեզ համար լուսո նշան չի բերեր։
Մանկության վաստակը ջուրի նման է,
Եթե առաջն առար՝ քեզ բավական է,
Քանի գործդ հաջողակ է, պահպանե,
Ամեն անգամ գետը գերան չի բերեր:
Քանի հաջող կըդառնա լավ շրջանդ,
Եղած ծախսը չափավորե քո տանդ,
Գիտցիր, առանց գործի՝ քո սիրականդ
Քեզ իբրև մարդ երբեք բերան չի բերեր:
Ջիվան, լավ ճանաչե դու քո հաշիվը,
Առանց գործի ցածր է մարդու պատիվը,
Միշտ հաջող չի դառնա բախտիդ անիվը,
Ամեն տարի արտը օրան չի բերեր։
1874
[ էջ 619 ]
ԲԱՐԵԿԱՄ
Քանի ժամանակը ձեռքդ է, վայելե,
Բարեկամ, աշխարհը քեզի չի մնա,
Մերթ-մերթ ուրախության տունը այցելե,
Ամեն ժամ աշխարհը քեզի չի մնա:
Եկ, չափավոր սիրե աշխարհի շահը,
Սրտիցդ մի հաներ աստուծո ահը,
Մի օր ծերության հետ կհասնի մահը,
Շատ անգամ աշխարհը քեզի չի մնալ։
Ջիվանի, ընկերիդ կամեցիր բարի,
Նորա տված չարչարանքին հոժարի,
Մաթուսաղան ապրավ ինն հարյուր տարի:
Տես Ադա՛մ, աշխարհը քեզի չի մնալ:
[ էջ 620 ]
* * *
Երեսը մի տեսնիր նախանձ, տմարդին,
Գլուխդ առ, նորա մոտից հեռացիր,
Բարի, ընկերասեր երիտասարդին
Պատվե, սիրե և արժեքը իմացիր։
Նախանձոտը երբեք օր-արև չունի,
Մարդ է ծնվել, բայց մարդկության ձև չունի,
Երբ տեսնում ես մի ծառ, որ տերև չունի,
Մի մոտենալ դու, շատ հեռվից անցկացիր։
Ներսից էլ ներս հողի տակը հատակ կա,
Զգուշացիր, մոխրի մեջը կրակ կա,
Կյանքի մեջը հազար ու մի առակ կա,
Մտիր նորա խավերի մեջ, հասկացիր։
Ճիշտ որ մարդը ծառ է, աշխարհն է սղոց,
Անպաշտպան կտրում են, թե ունենա խոց,
Թե խելք ունիս, ցավդ մի ասեր այլոց,
Դու սիրով տար համբերելով դիմացիր:
[ էջ 621 ]
ԲԱՐՈՅԱԿԱՆ
Լսիր իմ խրատս, սիրահար սոխակ,
Մի խանգարել այլոց բուրաստանը դու,
Անհրաման մի քաղել վարդ, մանիշակ,
Վրդովել մի խղճուկ պարտիզպանը դու։
Ձեռք մի բարձրացնել օտարի վերա,
Երբեք մի ծիծաղիլ հիմարի վերա,
Ամեն մարդ էլ մարդ է աշխարհի վերա,
Պետք է լավ իմանաս այսպես բանը դու:
Ամեն մի ազգ ունի իրան մի հավատ,
Չէ կարելի երբեք ասել մեկին վատ,
Մի են արարչի մոտ հարուստ թե աղքատ,
Հավասար հասկացիր դատաստանը դու:
Հեռացիր արբեցող, խելագար մարդուց.
Մանավանդ ուրացող, սիրտը չար մարդուց,
Շնորհ մի սպասել անկատար մարդուց,
Հասուն մարդ մի սեպել անհավանը դու:
Արարքդ արել է քեզի կիսամարդ,
Խամրել են այտերդ կարմիր գեղազարդ,
Այդ քու վարմունքովդ, ով երիտասարդ,
Մտել ես դժոխքի վառարանը դու։
[ էջ 622 ]
Ծաղիկ հասակիդ մեջ մաշվել է կյանքդ։
Փոխվել, թառամել է վառ կերպարանքդ,
Ինչ է քու այս քաշած զուր չարչարանքդ,
Ընկել ես նեղության ոլորանը դու:
Ցավը բարակ կանե մարդուն ասեղից,
Ով է օգուտ տեսել սիրո հեղեղից,
Հոգիդ ազատ արա, գնա այստեղից,
Դարձիր քո հայրենի օթևանը դու։
Թե ուզում ես լինել հոգեպես պայծառ,
Լսե բարոյական քարոզ, ընտիր ճառ,
Առ քեզի իմ տված այս ապրանքս առ,
Թե սիրում ես խոսքի պատվականը դու։
Անղեկավար նավ ես խեղճ ալեկոծյալ,
Այլոց մի վրդովել և վնաս մի տալ,
Շարքից մի ջոկնվիլ ու ետ մի մնալ,
Այլևս չես գտնիլ կարավանը դու։
Արի քամու դեմը մի գզել բամբակ,
Որ չանե թշնամին քեզ այպ ու ծանակ,
Թե ուզում ես լինել հարազատ զավակ,
Կատարե քու հորդ հրամանը դու:
Լույսը թողած դու մի սիրիր խավարը,
Գուցե խանգարված է քու գաղափարը,
Թո՛ղ այդ կորուստ տանող վատ ճանապարհը,
Դեռահաս մի մտնիլ գերեզմանը դու։
[ էջ 623 ]
ԴԱՍԹԱՆ
Առակախոս նախնի հեղինակները
Ինչ ասել են՝ իրավ արդար են ասել.
Քննելով մարդկանց նպատակները
Որին խելոք, որին հիմար են ասել։
Ճշմարտությունը միշտ հառաջ են տարել,
Ստությունով երբեք բան չեն հնարել.
Իմաստունին արեգակ են համարել,
Բայց տգետին անլույս խավար են ասել։
Ազգուրացին շատ անգամ նզովել են,
Նորանց կյանքը պարսավել, վրդովել են,
Ազգի պաշտպան լինողներուն գովել են,
Հեռատես և հեռանշմար են ասել:
Միշտ հայեցող եղել են բոլորներուն,
Օրենք ուսուցել են թագավորներուն,
Գուշակել են այժմյան լուսավորներուն,
Կատարյալ խելահաս, ճարտար են ասել:
Լավը վատից որոշելով՝ զատել են,
Հասուն մտքով ամենայն բան դատել են,
Բարկացողին, հուսահատին ատել են,
Խոհեմ մարդու կյանքը երկար են ասել:
[ էջ 624 ]
Որոնել են գործի հիմը, հաստատը,
Ընդունել են սերը, հույսը, հավատը,
Ճանաչել են բարոյական խրատը,
Քաղցրությանը մեղր ու շաքար են ասել։
Պահել են բարեպաշտ մարդկանց պատիվը,
Սիրել են բնությամբ բարին, ազնիվը,
Անարգել են պատերազմը, կռիվը,
Թագավորաց խաղաղ, դադար են ասել:
Լավ զննել են ամեն բանը մաքուր ճիշտ,
Չեն ուզեցել երբեք մի մարդ տանի վիշտ,
Չարությունը, նախանձը հերքել են միշտ.
Բարի գործը հոգվո պաշար են ասել։
Շատ սիրել են առաքինի եղողին,
Չեն ըմպել չափազանց կաթիլն խաղողին,
Շնացողին, ստախոսին և գողին,
Մարդասպանին անխիղճ, վատթար են ասել:
Մարգարիտը խոզերուն չեն արկանել,
Ուղղությունը միշտ բարձր են պահպանել,
Խաբեբային երբեք մարդ չեն անվանել,
Խաբվողին էլ անմիտ, տխմար են ասել։
Ամեն մարդու գովել են ըստ արժանին,
Հետևելով քաղաքական պայմանին.
Շուտով գրավվողին, դյուրահավանին,
Մարդահաճո, խելքից տկար են ասել:
Խոնարհելով տիրոջ հրամաններուն՝
Հետևել են նորա պատվիրաններուն.
Բարի խղճով գրված սուրբ մատյաններուն
Չքնաղ, շքեղապանծ քանքար են ասել։
[ էջ 625 ]
Մինչ բնական գիտությանը հասել են,
Անքննելին գերբնական դասել են,
Ինչ որ խրատել են, ինչ որ ասել են՝
Մարդկային բնության հարմար են ասել:
Անզգամ են կարծեր անխիղճ մեղելոց,
Բայց օգնել են խեղճ աղքատաց, նեղելոց.
Մաքուր սրտիվ առաքինի եղելոց
Ընտիր, աստվածային տաճար են ասել։
Հավանել են հոգվով գեղեցիկներուն,
Գովել են հոգեզգոն երգեցիկներուն,
Հաստագլուխ ցանցառ ռամիկներուն
Մարդկությունից հեռու, օտար են ասել:
Ստացական խելքը կարծել են օժիտ,
Բնականը համարել են մարգարիտ,
Ջանասեր, գործունյա մարդուն ճշմարիտ.
Վստահ, խելոք գործակատար են ասել։
Միշտ, եղել են նրանք ցավեր փարատող,
Աշխարհային կարգ կանոնը հաստատող.
Վատ դեպքերե, վտանգներե ազատող,
Համբերանքը կյանքի ասպար են ասել։
Այն օրվանից, երբ մտել են օրորոց,
Ճանաչել են համալսարան և դպրոց,
Անմահ հեղինակին ողջ արարածոց
Ամենաիմաստուն, հանճար են ասել։
Լոկ մարմինը կգերե գերեզմանը,
Հոգին անմահ է, չէ գրած վախճանը,
Բարի հիշատակին, բարի անվանը
Տևողությունը բյուր հազար են ասել։
[ էջ 626 ]
Ջիվան, նորանց խոսքերըն է բարի ծես,
Ոչ թե կատակերգություն է կամ կրկես,
Պարսավել են, թե գովել են վերջապես —
Ինչ ասել են՝ մեզի համար են ասել:
1870
[ էջ 627 ]
«ԱՅԳԵՊԱՆ, ԻՆՉ ԵՍ ԱՆՈԻՄ, ՇԱՄԲԸ ԲՈՒՐԱՍՏԱՆ ՉԻ ԼԻՆԻ»
Ճարտարապետ, ավազի վրա օթևան չի լինի,
Գայլի ձագը կրթելով՝ ընտանի կենդան չի լինի,
Ապերախտ մարդուն օրը հազար տեսակ պատիվ անես,
Նա քեզ աշխատակից իբր օգնական չի լինի։
Կայծքարը կարմիր արյունների մեջը ներկես հազար,
Գեղեցիկ գույն առնելով, գիտցիր, կարկեհան չի լինիի.
Թութակը սովորելով վարժությունով մի քանի խոսք,
Խոսելով մարդու նման, նա մարդ իսկական չի լինի։
Հիմա էլ հայերու մեջ կան ազգասեր օրիորդներ,
Հազարից մեկը կարծեմ Սանդուխտ ու Շուշան չի լինի.
Աշխարհի բոլոր եղած գրքերը ողջ հավաքես,
Շաղվելով մի գիրք շինես դեռ ավետարան չի լինի։
Փայլում է արևի պես ճեմարանը Մոսկվայի մեջ,
Ընդհանուր հայերի մեջ մեկ հատ Լազարյան չի լինի.
Այս դարի մեջն էլ ունինք հայրենասեր իշխանազունք.
Մեկն էլ ազգը պահող Մուշեղ ու Վահան չի լինի։
Մարդու ծնած երկիրը արքայության չափ քաղցր է,
Ոչ մի տեղ հայրենիքից բարձր աստիճան չի լինի։
Ով Ջիվան, դու երգերուդ թե խառնես էլ մեղր ու շաքար,
Շիրինի ասածներու նման դուրեկան չի լինի։
1880
[ էջ 628 ]
ՀՈՐ ԽՐԱՏԸ ՈՐԴՈՒՆ
Որդյակ, առ խրատս, մի լավ օգնական ունեցիր.
Քո անձդ պաշտպանելու ուսիդ հրացան ունեցիր,
Գեղն առանց շուն չի լինի, ձեռիդ գավազան ունեցիր,
Թշնամիդ մտրակելու համար խարազան ունեցիր։
Աշխարհում խեղճ լինողը՝ հողին հավասար կլինի,
Սրտումը վերք կունենա՝ անդեղ ու անճար կլինի.
Երանի այն տղային, լեզվանի, ճարտար կլինի,
Իմ հոգիս, առ օրինակ, գովելու բերան ունեցիր։
Նյութական միջոցներդ ապահովացու հարաժամ,
Դժվար է ներկայումս մարդուն ապրել առանց դրամ,
Ոչ մի տեղ չի գտնվիլ Մանոնայի պես բարեկամ,
Աշխատիր դու չափավոր, համեստ գանձարան ունեցիր։
Ես որքան աշխատեցա, թե ունենամ մի օթևան,
Անկարող գտնվեցա, չը ճարեցի պատսպարան,
Թողնում եմ քեզի համար երկու հատոր լոկ երգարան,
Աշխատիր, ավելացուր, դու լավ գովական, ունեցիր…
Աշխատիր, գուցե ճարես մի քանի օրավար լավ հող,
Հող ունեցողը երբեք չի մնալ քաղցած ու անփող,
Ջիվանս քեզ կաղաչեմ, հիշիր աստված, ունեցիր դող,
Թե կուզես կարդալու գիրք՝ սուրբ ավետարան ունեցիր։
[ էջ 629 ]
ՆՎԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԱՐԵԿԱՄԻՍ
Ա՛յն, որ քեզ հետ գլուխ գլխի չի տվել,
Հետդ չի պսակվել, ամուսին չէ քեզ.
Սիրուհին որչափ որ լինի առավել,
Կենակցիդ պես քաղցր, կաթոգին չէ քեզ։
Սիրե, քու ունեցած բաժինդ սիրե.
Առողջ, մաքուր պահե, մարմի՛նդ սիրե,
Թե տգեղ, թե սիրուն քու կինդ սիրե.
Այլոց կինը հավատարիմ կին չէ քեզ։
Ջիվան, մութը մարդու խելքը չի չափվիլ,
Դառն ծառից քաղցր պտուղ չի թափվիլ,
Օտար կնոջ անուշ լեզվին մի խաբվիլ,
Կեղծ է ու խարդախ է, սրտագին չէ քեզ։
1898
[ էջ 630 ]
ԵՐԳ
Աշխատիր քո հորըդ տունը շենացուր,
Որ ասեն քեզ լավ զավակ ես, սիրելի.
Նպաստ ունիս, առաջ եղբայրներիդ տուր,
Երբ որ ստակ կվաստակես, սիրելի:
Արթուն եղիր, ձեր տան ծուխը չը մարես,
Սրբագործված իրավունքդ խանգարես,
Ծնողացդ անշուշտ, պետք է վճարես,
Բարոյապես պարտքի տակ ես, սիրելիս։
Բանիդ, գործիդ նրանք շարժում են տվել,
Հագցրել են, քեզ կերուխում են տվել,
Մեծացրել, կրթել, ուսում են տվել,
Որ դու այդպես փայլուն ակ ես, սիրելի:
Հորդ ու մորդ սիրած կրոնն ու լեզուն
Խոստացիր, որ կյանքիդ նման պաշտես դուն,
Մի թողնիլ-հեռանալ հայրենիքդ, տեղ-տուն,
Չըլինի թե քեզ խորտակես, սիրելիս։
[ էջ 631 ]
ՍԻՐԱԿԱՆ
Սիրական, քեզ ինչ ասեմ, պարապ, գործ ու բան չունիս,
Ոսկե ժամացույց կուզես, կաշուց ոտնաման չունիս,
Թախանձում ես — խնդրում ես, թե ինձի առ լավ շորեր,
Գիտե՞ս, թե ինձ պատել են որպիսի սև-սև օրեր,
Դառն մտածմունքներից խելքս գլխիցս է կորեր,
Ցավիս բժիշկ դառնալու, մեկ դեղ ու դարման չունիս։
Կյա՛նքս, մի՞թե չես գիտեր հիմիկվա ժամանակը,
Առյուծի փորն է մտել անտեր փողի քսակը,
Կյանքը շռայլացել է, փոխվել է եղանակը,
Բոլոր մարդկանց կոկորդին դեմ է առել դանակը,
Ասա, ինչո՞ւս հույս դնեմ, որ մտնեմ պարտքի տակը,
Ի՛նչ է՝ հարուստ դրացուդ պես ապարանջան չունիս։
Երեխայքդ կրթություն, հաց ու ապրուստ են ուզում,
Փոխվել է ժամանակը, չի լինի առանց ուսում,
Որ չենք կարող նրանց տալ մարդավայել կեր ու խում,
Գոնե կրթենք մտքերը, որ չլինին թերի, հում,
Այսուհետ էլ չիթ հագի, թող չլինի ապրեշում,
Ե՛ս պիտի քեզ հավանեմ, ուրիշ սիրական չունիս։
Քարմանըդ, ճախարակդ ձեռիցդ մի թողուր բաց,
Թե ուզում ես կուշտ փորով, առողջ կյանքով ուտել հաց.
Ծույլ ու դանդաղ կնոջը ապագան է սուգ ու լաց,
[ էջ 632 ]
Կարըդ, գուլպա գործելդ առաջ տար կամաց-կամաց
Մորդ պատվիրանները մաքուր պահե, մոտը կաց.
Դու նորանից առավել բարձր աստիճան չունիս:
Սեռիդ հատկությունըն է, պետք է տնարար լինիս,
Մարդիդ թևին թևընկեր, գործին օգտակար լինիս,
Զավակներիդ խնամողը, սրտին մխիթար լինիս,
Պահապան հրեշտակի նման բարերար լինիս,
Մահն է հատուկ Ջիվանուդ, եթե անկատար լինիս,
Թե կատարես խոսքերըս, էլ քեզի նման չունիս։
[ էջ 633 ]
ԽՆԴԻՐ ԸՆԿԵՐԻՆ
Մարդ, քեզի կաղաչեմ, լո՛ւր իմ խոսքերս,
Դու մոլորության խրախճանից հեռացիր,
Մի կարծեր անօգուտ, զուր իմ խոսքերս,
Մարդակորույս օթևանից հեռացիր։
Մեկ մարդու միշտ լավ է մեկ ամուսինը,
Այլոց մի տար գերդաստանիդ բաժինը,
Դու մի սիրեր շողոքորթիչ տիկինը,
Դառնասիրտ մեղրաբերանից հեռացիր։
Եղբայր, թե հասկանաս՝ այսչափս բավ է,
Ավելի խոսելը միշտ գլխու ցավ է,
Արտաքուստ սոխակ է, ներքուստ ագռավ է,
Դու երկդիմի սիրականից հեռացիր։
Ջիվանիիս դու մի կարծեր հակառակ,
Ասածներս մոտդ պահե հիշատակ,
Ափսոս ես, կմահանաս անժամանակ,
Արի դու քո գերեզմանից հեռացիր։
[ էջ 634 ]
ԵՐԳ
Իմաստության փափագ ունեցող անձը,
Հեզ ու խոնարհ, համեստ կատարյալ պետք է
Ճշմարտության զոհվել կամեցող անձը,
Ուղիղ, առաքինի առաքյալ պետք է։
Սուրբ է հարսը անմահական փեսային,
Է նման Մարիամին, ոչ թե Սառային,
Պինդ պահպանող հրամանը արքային,
Հարազատ ծառայող կուսակալ պետք է։
Բանիբուն լինողը չի ընկնիլ թակարդ,
Նա միշտ առողջ կյանքով կմնա զվարթ,
Աշխարհի մեջ ինչպես լինի, կապրի մարդ.
Վերջին պատասխանը ուղիղ տալ պետք է։
Ջիվան, բարությունը հաստատուն սեր է,
Աստըծուց եկածը հատուկ նվեր է:
Ծուլությունը աղքատություն կբերե,
Հաստատ գործի համար միշտ ման գալ պետք է:
[ էջ 635 ]
ԽՐԱՏ ԺԱՄԱՆԱԿԻ ՀՈԳՈԻՆ ՀԱՄԵՄԱՏ
Անմտածել վեր վարե խոսքերդ, ճարտար եղիր,
Քեզ ճոռոմախոս կասեն, ուզում ես հիմար եղիր,
Քանիմ նախադասություն գրքերից բերան արա.
Միշտ ռամիկ դասի մեջ գիտնական հանճար եղիր:
Ծանր կողմը կշեռքի աչքի առաջ ունեցի՛ր,
Ճշմարտությունը ստե համ նորից արդար եղիր,
Առյուծասիրտ անձի մոտ կզկթիր, եղիր կատու,
Եթե տեսար տկար մարդ, արիացիր՝ չար եղիր:
Ժամանակի պահանջն է անուժին կողոպտելը,
Թե խիղճդ քեզ խայթում է՝ արտաքուստ արդար եղիր.
Ջիվան, քեզ ով կիմանա, դու գիտես քո հաշիվը,
Խոսքերով սուտ ազգասեր, փողի սիրահար եղիր։
1885-86
[ էջ 636 ]
ԵՌԱՆԴ
Ով մարդ, իմաստության եռանդ ունեցիր,
Այս խրատով քեղի վնաս չեմ ասեր,
Աշխատիր, շնորհք ու տաղանդ ունեցիր,
Մոլությանը ես գործի մաս չեմ ասեր։
Ինչ մարդ չունի նոր սիրտ և նոր գաղափար,
Իսկ նա է սնոտի համառված տխմար.
Ինչ հովիվ հոգ չունի յուր հոտի համար,
Ես նրան մեկ սուտ Աթենաս չեմ ասեր։
Ջիվան, գիտցածիդ չափ խոսե հատուկը,
Պարզաբանե սրտիդ եղած ծածուկը,
Ինչ ուսուցիչ լավ չի կրթեր մանուկը,
Տված դասին ճշմարիտ դաս չեմ ասեր։
[ էջ 637 ]
ՄՈԼՈՐՎԱԾԸ
Քու աշխատանքովդ հաց պիտի ճարես,
Ինչ ազգի մեջ գնաս, ով մտամոլոր.
Այդ դու չես հասկանալ այնքան հիմար ես,
Կրոն փոխելով դու չես լինի ունևոր։
Ինչու ես հեռանում ազգից, երամից,
Քու հարազատ մորից, քու բարեկամից.
Ազգիդ համար մեռնում ես միանգամից,
Գերեզման ես մտնում առավել շատ խոր։
Ավազակաբարո անձը մարդասպան
Վերջ ու սկիզբ պիտի ելնե կախաղան,
Որ ազգի մեջ գնաս պատիժ պիտի տան,
Երբ օրենքով ճանաչվես դու մեղավոր։
Քու բռնած ընթացքդ սխալ է, սխալ,
Ազգից հեռանալով քեզ օգուտ չես տալ,
Կրոնդ փոխելով դրախտ չես գնալ,
Արքայության համար գործ է հարկավոր։
Ջիվան, մարդ չես դառնալ ազգիդ փտնելով,
Բան չես շահիլ հարուստ ծանոթ գտնելով,
Ճանճը փղի պոչի տակը մտնելով,
Կարծում է, թե ինքն էլ եղավ մեծավոր։
1895
[ էջ 638 ]
ՓՈԽԱԲԵՐԱԿԱՆ ԵՐԳ
Փտած ու բորբոսնած, մքլած ապրանքդ,
Նորի տեղ չի անցնիլ, նպարավաճառ
Անմեղ մի գոռգոռալ զուր կանցնի ջանքդ,
Շատ ենք լսել այդպես կեղծուպատիր ճառ:
Հին ապրանք կա երկու հազար տարեկան,
Բայց նորից էլ նոր է, անփուտ հավիտյան,
Ինչպես ոսկին, ադամանդը պատվական,
Քանի աշխարհը կա չեն մաշվիլ իսպառ։
Ծախած ապրանքներդ իրավի նոր են,
Բայց լխկած ու մքլած սոխ ու սխտոր են։
Այժմ կերակուրի անհարկավոր են,
Ով փող կուտա կառնի, կլինի ցանցառ։
Նորություն կա հարգերու է ճշմարիտ,
Ինչպես զտված գոհար անգին մարգարիտ,
Բայց կա նորություն էլ, անհոգ է վտիտ,
Որպես որ սառուցի վրա գրված տառ։
Երկուսի մեջն էլ կա հարգելի խոտան,
Իսկապես հնության և թե նորության,
Երկուսիցն էլ լավը ընտրել իսկական,
Այդպես պետք է մեզի անել անպատճառ։
[ էջ 639 ]
Ջիվանի, առանց հիմ երբեք տուն չըկա,
Որպես առանց ծնող չի ծնիր տղա,
Ինչքան որ պտղատու ճյուղեր ունենա,
Ծառը իրան արմատովն է կոչվում ծառ։
1894
[ էջ 640 ]
ԴԱՍԹԱՆ
Որի շուրջը դժնիկ փշով է պատած,
Մի մտիր այն այգին, անփորձ պատանի,
Նրա ստվերի տակ օձեր կան պառկած,
Ապահով չէ ամեն ծառի հովանի։
Շատ է այս աշխարհի ճարպիկ խաբեբան,
Հազարից մեկը չէ ուզածիդ նման.
Ակը կեղծ քարից է մեծամասնության —
Ադամանդ չէ ամեն փայլող մատանի:
Երբեմն կդառնա սագը փոքրիկ հավ,
Աչքերդ բաց, ուշի ուշով զննե լավ.
Արտաքինով մի շլանար դու բնավ,
Կարծածիդ պես դուրս չի գալ շատ գեղանի։
Հավերու մեջ աքլորը մեծ ըմբիշ է,
Ճգնավորին քարը փափուկ բալիշ է.
Աշխարհաշեն խելոք մարդը ուրիշ է,
Շատ կա խոսուն, մարդու նման կենդանի:
Փող է ծախսել, ման է եկել Եվրոպա,
Հագել, կապել, ծածկել է թանկ շլյապա.
Գլխարկը մեծ, տակը մեծ գլուխ չկա,
Շատ կգտնիս այդ տեսակ մարդ անվանի:
[ էջ 641 ]
Փառավորված, փայլող մարդ գերազանցը,
Կաշկանդված է, նա էլ ունի յուր ցանցը.
Թե լավ քննես, երջանիկ չէ այն անձը,
Ում որ կասեն՝ երանի քեզ, երանի։
Աստծո գաղտնիքը մարդ չի իմանա,
Փրկիչը մսուրի մեջը կերևա.
Շատ անգամ՝ մեծ տանից մեծ մարդ դուրս չի գա,
Խուղերից կծնեն քաջեր պիտանի։
Ջանա գտնես անանց կյանքը երկնային,
Վաղանցուկ է շուքն ու փառքը մարդկային.
Առողջություն չի տալ հիվանդ արքային,
Ոսկով պատած յուր զգեստը ծիրանի։
Ճանաչե լավ բանի արժեքը, գինը,
Ներսինին չի հասնիլ գոված դրսինը.
Մինչև նորը ճարես, կկորչի հինը,
Կսառնանա բարեկամդ ընտանի։
Սիրունը տգեղին կլինի արժան,
Առողջ տղամարդը կառնե խեղ կնկան,
Աշխարհի մեջ հակառակ է ամեն բան,
Չեն հանդիպել ով որ ում է արժանի։
Քարոզիչը թե չլինի անարատ,
Նա սրբության մասին չի խոսիլ ազատ,
Թե մեկը գործ չունի խոսքին համեմատ,
Կհամարվի թութակի պես լեզվանի։
Ժողովուրդն է թե գյուղ, թե քաղաք շինող,
Նա է անշունչ առարկային կյանք տվող.
Ոչ աղոթող ունին, ոչ կարգ կատարող,
Շքեղ եկեղեցիք շատ ունի Անի։
[ էջ 642 ]
Ամեն ոք բարի չէ, վրադ չի խղճալ,
Բան մի ասիլ, զուր տեղը մի մերկանալ.
Ամեն մարդու քու վերքերդ մի ցույց տալ,
Բժիշկ ճարե, որ դնե սպեղանի։
Հպարտ մեռիր, գաղտնի պահե սրտինդ,
Թող թշնամին չիմանա քու ներսինդ.
Քանի ողջ ես, դառնություն է բաժինդ,
Երբ մահացար՝ կքաղցրանաս, Ջիվանի։
1899
[ էջ 643 ]
ԴԱՍԹԱՆ
Ով մարդ, թե որ կուզես առաջ ընթանալ,
Ճշմարտության մեջը միշտ կեցիր հաստատ,
Իսկ թե կուզես բարի անուն ստանալ,
Գիտուններու մտքին լեր դու համեմատ։
Քո ազգիդ մեջ բարի անուն հաստատե,
Քո տկար եղբարցդ վիշտը փարատե.
Հայրենյացդ օգտի համար աշխատե,
Միշտ նրանց օգնության կեցիր հարազատ։
Մտքիդ աչքերը բաց, արթուն ունեցիր,
Աշխատիր սեփական քեզ տուն ունեցիր,
Ուղիղ կրոն, ազգի արյուն ունեցիր,
Քո սուրբ եկեղեցվույն ընծայե հավատ։
Մարդկության պատիվը, հաշիվը ծանիր,
Աշխատիր կոտրված սրտերը շինիր,
Սրտով գոռոզ, բարձրագլուխ մի լինիր,
Կարդա սուրբ գրքերից, առ բարի խրատ։
Մի լսեր խրատը վատ սնափառին,
Մի կատարեր կամքը մտքով համառին,
Անտերև, անպտուղ, նման չոր ծառին
Մի լինիր կրակը ձգելու արմատ։
[ էջ 644 ]
Խոնարհիր առաջնորդ մարդո պատգամին
Սիրե օտարը և քո բարեկամին,
Երբեք մի ուրանար Հայկին, Արամին,
Պահե նրանց վեհ անուններն անարատ։
Աշխատասեր մարդու եղիր միշտ հլու,
Մի լինիր չորացած անպտուղ ածու,
Սիրե աշխատություն, ծույլ մի մնա դու,
Հոգվով և մարմնով չես մնար աղքատ։
Կարդա պատմություններ, հնության և նոր,
Քաղե հոդվածները քեզի հարկավոր,
Հագուստդ նոր արա, ծախսդ չափավոր,
Ոչ շատ շռայլ եղիր, ոչ անգութ ժլատ։
Աննպատակ մի դու կրեր տառապանք,
Ուղեղիդ, մարմնույդ, մի տար չարչարանք,
Պետք է խելք ու խոհեմություն, աշխատանք,
Երազով չի շինվիլ գեղեցիկ պալատ։
Անձրևի կաթիլը ցույց քեզի ահա,
Որ մեկ տեղ բազմացավ՝ իսկ լիճ կդառնա,
Մեկեն հարստացող երբեք մարդ չկա,
Քիչը ժողովելով՝ հետո կըլնի շատ։
Դադար սիրտ ունեցիր, որ չունենաս վիշտ
Դու քո համոզմունքիդ մեջը կեցիր ճիշտ,
Առևտուրդ մաքուր, ընտիր արա միշտ,
Արծաթը ոսկվո տեղ՝ մի ծախեր պողպատ։
Մի ունենար հեշտասեր, վատ սիրեկան,
Ամուսնացիր, քեզի չկա բռնաբան,
Ամեն բանից ավել փափագիր ուսման,
Բնությունով եղիր ազնիվ, պայազատ։
[ էջ 645 ]
Միշտ երկյուղալից կաց, ձմեռ թե գարուն,
Ըստ որում կա աստված արարիչ անհուն,
Խղճիդ դիպչող խոսքերը մի լսեր դուն,
Օտարք թող քեզ կոչեն խոզ կամ ականջատ։
Արթուն կեցիր, որ չկրես պատուհաս.
Խոհեմ եղիր, ապրիս երկար, անվնաս,
Մարդաշեն քաղաքի նման վաղահաս
Շուտով մի քանդվիր, դառնար անապատ։
Լաց ու ողբա, իբրև աշխույժ պատանի,
Կարդա ծնողաց տեր մանկանդ երանի,
Գուցե այնտեղ մեզի մեկ լույս ծնանի,
Ուղղե աչքերդ դեպի միշտ Արարատ։
Ջիվանս կցանկամ լսել քո լավդ,
Հուսամ աստված՝ կբարձրանա համբավդ,
Նորան դիմե, նորան ասա քո ցավդ,
Ինքն է իրավասեր և արդարադատ։
1870
[ էջ 646 ]
ԴԱՍԹԱՆ
Հայի տղա զգուշացիր, խելք ճարե,
Ամեն անգամ այլոց առակ մի լինի,
Պարկեշտ մարդկանց բնությանը հարմարե,
Ափսոս արի քեզ, խայտառակ մի լինի։ —
Մոլիներուն ընկեր իսպառ մի դառնա,
Անուշիմ, բթամիտ ցանցառ մի դառնա,
Դու վատ սկզբունքի պատճառ մի դառնա,
Ընկերներուդ չար օրինակ մի լինի։
Պատվի հայր ու մայրդ, դու ապրիս երկար,
Մաքրե սիրտդ, որ է աստծո տաճար,
Քեզ պես ստեղծվածին մի կամենա չար,
Օրինազանց, չնչին էակ մի լինի։
Մարդասպան մի լինի, կսպանվիս անշուշտ,
Գերդաստանդ քաղցած կմնա անկուշտ,
Ուրիշը կլինի քեզ արյունառուշտ,
Դու ոչ մեկին արյունկզակ մի լինի։
Տիրոջմեն կդատվի ինչ մարդ, որ շնա,
Առանց այլայլության դժոխք կգնա,
Գող լինողը առանց պատժի չի մնա,
Կխեղդվես, ե՛կ, ավազակ մի՛ լինի:
[ էջ 647 ]
Մի երդվիր աստծո անվանը ահեղ,
Սուտ երդում ուտողը չի մնա անմեղ,
Ստախոսը պատիվ չունի ոչ մի տեղ,
Սուտ վկայող, կյանքի ներհակ մի լինի։
Մի ձգեր աչքերդ դրացուդ տանը,
Ոչ փողին, ոչ կայքին և ոչ կնկանը,
Ակամա՝ ընկերիդ մեկ դահեկանը,
Հափշտակելու համարձակ մի լինի։
Մեկ օր լուրը կուգա դատարաններեն,
Պարտքը կպահանջվի պարտականներեն,
Մի զատվի աստծո պատվիրաններեն,
Դու այս մասին անընդունակ մի լինի։
Մի պղտորիր հոգվույդ պարզահոս գետը,
Անշուշտ հարված կուտա քեզ խղճիդ նետը,
Անցյալը բաղդատե ներկայի հետը,
Բարին թողած, չարին մշակ մի լինի։
Մարդը՝ մարդ ճանաչե՝ հարուստ, թե աղքատ
Ծերունու պատիվը պահպանե հաստատ,
Լեզվիդ վրա սանձ դիր, որ չխոսի վատ,
Սիրտ խոցոտող թուր ու դանակ մի լինի։
Եղբայր, արի ուսումի տուր զավակդ,
Որ շուտ տեղ հասնի քո նպատակդ,
Իզուր մի վաճառեր թանկ ժամանակդ,
Առանց գործի և անվաստակ մի լինի։
Արբեցող մի լինիր, կյանքիդ վնաս է,
Հասկացիր, որ պատիվդ միշտ պակաս է,
Աշխատիր քեզ մարդկանց լավ կարգը դասե,
Վատերուն հետ դու շարունակ մի լինի։
[ էջ 648 ]
Թղթախաղությունից օգուտ չես քաղեր,
Իզուր տանդ վրա մոխիր մի մաղեր,
Չափով ապրիր, քեզ պարտքի մեջ մի թաղեր,
Փողատիրոջը հպատակ մի լինի։
Աշխատիր չսառչի ճշտության եռը,
Մեղքերով մի ճնշիր սրտիդ անմեռը,
Տեղդ ծանր կեցիր, մի շարժիր բեռը,
Մի լոկ խոսքով դու թևշալակ մի՛ լինի։
Հողից եղար, դարձյալ պիտի լինիս հող,
Վերջդ դատաստան կա, քաշե ահ ու դող,
Աշխատիր քո ազգիդ ընտիր բաներ թող,
Մեռնելեդ ետ անհիշատակ մի լինի։
Ջիվան, կանչի սուրբ իշխանաց իշխանը,
Որ նա է ողջ աշխարհի պահապանը,
Հայ ծնվել ես հայ մտիր գերեզմանը,
Դու ազգուրաց իբր Վասակ մի լինի։
1874
[ էջ 649 ]
ՄՈՒԽԱՄՄԱԶ
Հեռացիր, ով պատանի, դուն գինետանից հեռացիր,
Հեռացիր ու մի մնար, այն օթևանից հեռացիր,
Անվայել սուտ ընկերից, վատաբերանից հեռացիր,
Ճիզվիտ ու ցածրահոգի ատենաբանից հեռացիր,
Մահաբեր թույնով լեցուն շտեմարանից հեռացիր։
Մի լինիր, ով բարեկամ, զզվելի, վատթար մի լինիր,
Գինիին և օղիին պատանդ ու ավար մի լինիր,
Աշխատիր, գիտուն եղիր, անպատիվ, հիմար մի լինիր,
Միամիտ սոխակի պես վարդի սիրահար մի լինիր,
Խաբեբա ու ստախոս, կեղծ սիրեկանից հեռացիր։
Չէ ուրախ և չի լինիլ քեզի նման որբ տխուրը,
Ըստ որում քո սրտի մեջ ընկել է խմիչքի հուրը,
Քանի որ դու սիրում ես առավել խաղողի ջուրը,
Թարց ունեցած դրամեդ, մինչ հոգիդ է կուտաս տուրը,
Հեռացիր, ուրացողաց վատ գործարանից հեռացիր։
Միամիտ ես, միամիտ, ախ, ինչ անեմ, դու միամիտ,
Խաբեբա ուրացողին կճանաչես, լավ, ճշմարիտ,
Ակներև երևում է քո առաջդ խորունկ հովիտ,
Թողնելով արարիչը կդավանես սուտ Անահիտ,
Կռապաշտ ընկերության ժողովարանից հեռացիր։
[ էջ 650 ]
Ով Ջիվան, սուտ աշխարհը քեզի ապաստան մի անիլ,
Ադամին խաբող օձը՝ հոգվույդ պահապան մի անիլ,
Անբնականը սովորելով դու քեզ բնական մի անիլ,
Աստուծո և բնության դեմ հակառակ բան մի անիլ,
Սոդոմա պես քաղաքից, նեռադավանից հեռացիր:
1874
[ էջ 651 ]
ԷՎԵԼ ԱԽՐ
Կատարյալ լինելու համար, գեղեցիկ,
Կարդա, բարոյական գրքերը հատուկ,
Կարող ես նորանով լինել երջանիկ,
Կենարար փրկիչը հիշելով ծածուկ։
Կանուխ ել տեղիցդ, անմեղ հրեշտակ,
Կատարե քո սուրբ աղոթքդ միայնակ,
Կանգնիլ մի քո ծնողացդ հակառակ,
Կանոնավոր կերպով շարժիր, ով մանուկ:
Կամքդ տուր արարչին գիշեր և ցերեկ,
Կյանքիդ նավը երբեք չի թողուր անղեկ,
Կանչե աստված, դու չես մնար սրտաբեկ,
Կառավարողը քեզ կպահե փափուկ:
Կանաչազարդ ծառ ես, մանկիկ նորատունկ,
Կաթնահամ բերանեդ միշտ կբուրե խունկ,
Կաքավ ես շարժումով, ձայնովդ կռունկ,
Կյաց միշտ Ջիվանիիս համար դու նեցուկ։
[ էջ 652 ]
ԽՐԱՏ
Կյանքդ բարվոքելու աշխատիր, գիտուն,
Ինչ ես թռչունի պես միշտ մտնում, թակարդ
Հարյուր տարի ապրես, թե հարյուր հիսուն,
Վերջդ մեռնելն է, ինչ մտքի ես մարդ։
Եկ, մի ննջիր, քանի կյանքիդ գարունն է,
Հիշելի մարդ միշտ մտավոր արթունն է,
Անմահ հիշատակը բարի անունն է,
Աշխատիր գտնելու, ով երիտասարդ։
Ջիվան, բավ է շրջիս մտատանջ, մոլոր,
Օվկիանոս ծովից աշխարհն է խոր,
Որչափ հարուստ լինես, որչափ փառավոր,
Վերջդ պիտի մնաս մերկ և առանց զարդ։
[ էջ 653 ]
ԱՇԱԿԵՐՏ
Լեր, աշակերտ, խելահաս մարդոց մոտը, ազնիվ տղա,
Կանչելով իմաստության հեղինակին արդար վկա,
Տես թե իմաստությունը, որպես հզոր թագավոր է,
Իսկ հոգուդ կենդանություն, պարանոցիդ զարդեր կուտա։
Հասկացող եղիր ու հասկացիր բանին ճշմարիտը,
Երբ կուզես տգետ մնալ գերեզմանդ պատրաստ ահա,
Գիտցիր, որ ինչ մարդ չունի իմաստություն և կյանք չունի,
Կանցնի արև, լուսինը, չտեսնելով կույր կմնա։
Գիտունի միտքը բաց է, հայելվո պես փայլում է ճիշտ,
Միշտ նորա սրտի եղած աշխարհումը արևը կա,
Ով Ջիվան, «իմաստության սկիզբը երկյուղ տյառն է»,
Մարդը որչափ որ գիտուն լինի, սխալմունք կունենա։
[ էջ 654 ]
ԻՆՉ ՈՐ ԲՐԴԵՍ, ԷՆ ԿԽՐԹԵՍ
Ինչ կամենաս քու ընկերիդ,
Նա քու գլխիդ կկատարվի,
Թե չար, թե բարի, պատկերիդ
Վերա անշուշտ կնկարվի։
Ով որ ում ճրագն է մարել,
Ինքն իրան է ոտնահարել,
Ում որ ուզում ես խանգարել,
Քու անունդ կխանգարվի։
Ընկերդ էլ մարդ է քեզ նման,
Նորան մի ասիլ պակաս բան,
Որքան լինիս դու գովական,
Նորան էլ գովող կճարվի։
Դու կցանկաս հանգիստ մնալ,
Երբեք մի լինիր ոխակալ,
Թե ուզում ես քեզ սիրել տալ,
Ընկերիղ հետ քաղցր վարվի։
Ասել է Դավիթ թագավոր,
«Ինքը ընկավ ով փորեց հոր»,
Գործած դարանդ, կեղծավոր,
Քեզի համար պիտի լարվի։
[ էջ 655 ]
Ով մարդասպան, անխղճմտանք,
Դու չես մնալ առանց փորձանք,
Դուն, որ այլոց կարես պատանք,
Կարծես քեզ համար չի կարվի։
Ջիվան, քու խոսքով մի մնա,
Ընկերիդ կամքովն էլ գնա,
Տեսար հարմարիլ չի քեզ նա,
Լավ է դու նրան հարմարվի։
[ էջ 656 ]
ՍԵԼԻՍ
Մի՛ լինիր, ով բնություն, կյանքիս դավաճան մի լինիր,
Մի՛ լինիր, ինքնահավան մարդուն սիրական մի լինիր.
Աշխատիր առաքինի նյութեր ժողովե անոթդ,
Սնոտի, անօգտավետ բառի օթևան մի լինիր:
Կրոնդ և քո լեզուդ միշտ պահպանե կյանքիդ նման,
Խաբեբա, սուտ կղերի խոսքով պապական մի լինիր,
Միմիայն քո պատիվդ ավելանալու համար տգետ,
Փառամոլ և շահասեր պատվի մուրացկան մի լինիր։
Ամենայն մարդու իրա վարվիր գաղափարով հետը,
Ճշմարիտ ընկերության կյանքիցը բաժան մի լինիր,
Արտաքին դեմքիդ նման ներքին խորհուրդդ էլ սուրբ արա,
Գարշելի ոսկորներով լեցուն գերեզման մի լինիր։
Աշխատիր, հուլությունը քեզանից հեռու պահե միշտ,
Աղքատի անտանելի վիճակին արժան մի լինիր,
Ով Ջիվան, անհիմն, անհաստատ սերիցը հեռու փախիր,
Վառվելով Ալայիսի Արթուրի նման մի լինիր։
[ էջ 657 ]
ԴԱՍԹԱՆ
Ինչ կենդանի փոքրին կուլ տալ է ուզում,
Զկի փուշ կլինի կխրի բուկը.
Թե ոստայնը ճանճեր որսալ է ուզում,
Քթիցը մտնելով կուտեն ծծուկը։
Ո՛ւր է լավ կենդանի առյուծի նման.
Ուժեղի դեմ կանգնող, տկարին պաշտպան.
Յուր ցեղից մեծ մկներ գալով օգնության,
Կատվից կազատվի խեղճ փոքր մուկը։
Կանցնին այս օրերը դառն ու ձախորդ,
Հաջող տեղ կհասնի ամենայն ճամփորդ,
Կուգա ժամը՝ կծնի արթուն պահանորդ,
Գայլը չի գողանալ հոտից գառնուկը։
Քնիցը կարթնանա ծովը օվկիան.
Յուր միջի կենդանյաց կուտա զենք, վահան.
Ոչ կարթի կանցնի, ոչ կընկնի ուռկան,
Բնական մահովը կմեռնի ձուկը։
Բլուրն էլ կդառնա մեկ օր բարձր սար,
Պատիվ կառնի մեծ սարերուն հավասար,
Էլ չի ծաղկիլ ծառը հասակով երկար,
Պատվով կմեծանա կանաչ թզուկը։
[ էջ 658 ]
Պարարտ ոչխարները, կովերը կթու
Կստանան խնդավետ տեղեր կենսատու,
Էլ չեն թողնի նրան արյուն ծծելու,
Կանհետանա փողոցային տզրուկը։
Ձրիակերներուն ի՞նչ են պարտական,
Մարդիկ առանց գործի նրանց սնունդ տան.
Փեթակը կիմանա տերը իսկական.
Ամեն ոք չի՝ տանել մեղրի պուտուկը։
Էլ գյուղացին եզին թակել չի կարող,
Կալի մեջ բերանը փակել չի կարող.
Գող ուրուրը հափշտակել չի կարող,
Արծվի թևի տակ կմտնի ճնճղուկը։
Խուլը ձայն կլսե երկնից ահարկու,
Մունջը ճառ կըկարդա, կստանա լեզու
Օրորոցից մեկ օր կնստի ձիու,
Բալուլով փաթաթած անխոս մանուկը։
Էլ քամի չի վռնդիլ հին ստլիկը,
Կրթեցին մարդ չեղավ անպոչ կապիկը.
Առասպել դուրս եկավ ծովի աղջիկը,
Անց չի կենալ թասի նայող վհուկը։
Ողջ կենդանիք պիտանի են, լեր գիտակ.
Ամեն մեկը մեկ բանի են ընդունակ.
Քանի որ աղավնին դարձավ սուրհանդակ,
Մեկ օր էլ կհնչե հավի թմբուկ։
Գարնան կփոխարկվի ձմեռը երկար,
Կանցնի աղջամուղջը, գիշերը խավար,
Նոր սանտրեր կշինվի հին գլխի համար
Կմաքրվի արևելյան թնճուկը։
[ էջ 659 ]
Տեղ կա համբերելո՛վ գործ կըկատարվի,
Տեղ կա շտապելը շատ կըհարմարվի.
Մինչև որ ձիթենին կանգնի, զարդարվի,
Որդին կպսակե խև խրխնտուկը։
Մարդ կուզեմ որ դարի պահանջն իմանա,
Չհապաղի, շուտով իր գործին գնա.
Մինչև որ թրթուրը թիթեռ կդառնա,
Պարտեզից կվերանա մատաղ բազուկը։
Զինվորի պարծանքն է պսպղուն սուրը,
Նա կսիրե զենքի լավը, մաքուրը,
Գութնի խոփ կդառնա բթացած թուրը,
Կտրե կանցնի, կերթա նորը, կտրուկը։
Կբռնե դայակը թևից, թիկունքից,
Օգտվելով տված իր իրավունքից,
Հղի կինը կըազատվի երկունքից
Շուտով կանցնի փորի ցավը, խոստուկը։
Ջիվա՛նի, նոր մարդը նո՛ր բաղձանք ունի,
Դեպ առաջ երթալու ճիգ ու ջանք ունի.
Նրա թոռը գովե, որ դեռ կյանք ունի,
Չի մանկանալ հին զառամյալ ծերուկը։
1870
Լրացուցիչ տեղեկություններ |
Աղբյուր. Ջիվանու քնարը: [Ստեղծագործությունների ընտրանի] / Կազմ., առաջաբ., տեքստ. համեմատ., ծանոթագր. ՝ Ա. Սահակյան; Խմբ.՝ Միք. Հարությույան; Նկ.՝ Ան. Գասպարյան։ «Հայպետհրատ»։ Երևան 1959 |