Հուլիսի 26-ին Աշուղ Ջիվանու ծննդավայր Կարզախ գյուղում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) և Ջիվանու տուն-թանգարանի համատեղ ջանքերով նշվեց Ջիվանական օրը, որն այս անգամ կորոնավիրուսային համաճարակի պատճառով փոքրամասշտաբ էր:
Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, ՋԱՀ-ի Ախալքալաքի գրասենյակի տնօրենը, Կարզախ գյուղի հոգևոր հովիվը և գյուղի բնակիչները:
Տոնակատարության ընթացքում համերգային ելույթներով հանդես եկան Կարզախի՝ Ջիվանու անվան երգի-պարի անսամբլի սաները: Միջոցառման սկզբում նրանք ներկայացրին Կարզախ գյուղի պատմությունը, ապա Ջիվանու կյանքն ու ստեղծագործությունը, մեծերի մտքերը Ջիվանու մասին: Այս ամենը ուղեկցվեց Ջիվանու երգերով և ազգագրական պարերով, որոնց միացավ նաև միջոցառման հանդիսատեսը:
Միջոցառման ավարտին մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Ջիվանու կիսանդրու առջև և հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին, ապա մասնակցեցին Կարզախի Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցում մատուցվող պատարագին:
ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանի խոսքով՝ Ջիվանու տուն-թանգարանի հիմնադրումը ակտիվացրեց մշակութային կյանքը Ջավախքում, հատկապես Կարզախ գյուղում.
«ՋԱՀ-ի հիմնադրման օրվանից ի վեր Ջիվանական օր տոնակատարությունը կազմակերպվում է ՋԱՀ-ի կողմից տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ: Չնայած այս տարի համավարակը ստիպեց շատ ծրագրեր հետաձգել, բայց ՋԱՀ-ը իր կողմից հիմնադրված և սպասարկվող Ջիվանու տուն-թանգարանի հետ համատեղ որոշեց թեկուզ փոքր մասշտաբով կազմակերպել այս ավանդական միջոցառումը և այդ ձևով վերարժևորել Ջիվանու ստեղծագործական ժառանգությունը»:
Ջիվանու տուն-թանգարանի տնօրեն Հասմիկ Սաղաթելյանը նշեց. «Համավարակի պատճառով թանգարանը այցելուներ չունի, բայց շարունակում է ակտիվ աշխատանքը առցանց հարթակում՝ տնից թանգարան տարբերակով: Այնուամենայնիվ, Ջիվանական օրը տարվա ամենակարևոր միջոցառումն է մեզ համար, և այն անտեսել պարզապես չէր կարելի»: