Տուն-թանգարանի ցուցասրահի բացումը եղել է 2016 թվականի ամռանը՝ դրանով նշանավորելով մեծանուն աշուղի 170-ամյակը։ Տուն-թանգարանի նյութերի հավաքագրման, մշակման և դասակարգման աշխատանքներին նպաստել են Գյումրիում ձևավորված աշխատանքային խմբի անդամները՝ երաժշտագետ Հասմիկ Հարությունյանը, թանգարանագետներ Պարույր Զաքարյանը, Ստեփան Տեր-Մարգարյանը, Սուսաննա Մնացականյանը և շատ ուրիշներ: Տուն-թանգարանի ֆոնդի համալրման նպատակով թվայնացվել են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Ջիվանու ֆոնդի նյութերը, որոնցից առանձին ձեռագրեր ցուցադրվում են ցուցասրահում: Ձեռագրերից զատ հավաքագրվել են նաև Ջիվանու և նրան վերաբերող բազմաթիվ գրքեր, հոդվածներ, բազմաթիվ նյութեր, Ջիվանու երգերի և հեքիաթների գրեթե բոլոր հրատարակությունները՝ 1882 թվականից (առաջին գրքի հրատարակման տարեթիվը) մինչև մեր օրերը:
Առանձին հատվածում ցուցադրվում են նաև 1984 թվականից (պաշտոնապես՝ 1985 թ.) ի վեր Ջավախքում անցկացվող Ջիվանիական երգի համաժողովրդական տոնակատարություններին նվիրված նյութերը, ինչպես նաև Ջիվանուն նվիրված տարբեր թերթերի բացառիկ համարներ և այլն: Տուն-թանգարանի ցուցասրահի պատերը զարդարում են Ջիվանու մանկությունը, զավակներին, ինչպես նաև աշուղի կյանքի ալեքսանդրապոլյան և թիֆլիսյան շրջանները ներկայացնող նյութերը՝ լուսանկարներ, ազդագրեր, մտքեր, Տալյանների, Ջիվանու տոհմական և գերդաստանական տոհմածառերը և այլն:
Աշուղի ժառանգների մասին նյութերը հարստացվել են Ջիվանու դստեր՝ Հռիփսիմեի թոռան՝ երևանաբնակ Ջիվան Հակոբյանի, Կարզախցի Գագիկ Վարդերեսյանի և այլոց օգնությամբ:
Ցուցասրահի կենտրոնական մասում Ջիվանու կիսանդրին է, որի աջ և ձախ մասերում տեղ են գտել Ջիվանու հռչակավոր ջութակն ու քյամանին: Կիսանդրու ետնապատը, որպես խորհրդանիշ Ջիվանու անմահ երգի («Ես մեկ ծառ եմ ծիրանի») և հայ ազգի հավերժության, ամբողջությամբ պարուրված է ծիրանենու պատկերով, որի վրա Ջիվանու ձեռագրով արտացոլված է աշուղի «Հովիկ» ջավախքաշունչ երգի քառատողերը:
Ցուցասրահում առանձին տեղ են գրավում հայ և օտարազգի մեծերի լուսանկարները, ովքեր արժևորել են Ջիվանուն կամ իրենց կյանքով ու գործով սերտորեն կապված են աշուղի հետ: Աշուղի երգերի տարբեր տարիների լավագույն կատարողներն ու մշակողները նույնպես ընդգրկված են ցուցադրությունում: Ցուցադրությունն ավարտվում է Խոջիվանքում ամփոփված Ջիվանու տապանաքար և Ջիվանու հիշատակը հավերժացնող աշուղական դպրոցի (հիմնվել է Երևանում՝ 1997 թ.), փողոցների և հուշարձանների պատկերները։