Աշխատանքային ժամեր 9:00–19:00

Թանգարանի պատմությունը

   Ջիվանու տուն-թանգարանի հիմնումը՝ իր ժամանակի համար շատ կարևոր ու արդիական խնդիր էր լուծում, նախ ջավախահայության և հետո համայն հայության հոգևոր-մշակութային արժեքների պահմանման տեսանկյունից։

 «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը, կարևորելով Ջավախքում մշակութային կյանքի աշխուժացման և զբոսաշրջության զարգացման անհրաժեշտությունը, իր ռազմավարության մեջ առանցքային  տեղ է հատկացնում  մշակութային օջախների հիմնադրմանն ու մեծանուն ջավախքցիների համար մշակութային հանգրվանների ստեղծմանը, և այսօր արդեն իսկ կարող ենք փաստել, որ Կարծախում Ջիվանու տուն-թանգարանը յուրովի աշխուժացրել է գյուղը, խթանել զբոսաշրջիկների հոսքը դեպի Կարծախ և իր մշակութային միջոցառումներով փոխել գյուղի ընդհանուր մթնոլորտն ու տրամադրությունը:

Ժամանակացույց

Ջիվանին ավանդեց մեզ օտար ելևէջումներից զերծ, մաքրամաքուր աշուղական արվեստ և իրավամբ կոչվեց «հայկական աշուղական դպրոցի հիմնադիր»:

2014 թվական

Թանգարանի ստեղծման աշխատանքները կոորդինացնելու նպատակով 2014 թվականի դեկտեմբերին ձևավորվեց համապատասխան հանձնաժողով, որտեղ ընդգրկվեցին մի շարք հասարակական-մշակութային գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ ու երաժիշտներ: ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի գլխավորությամբ մի քանի անգամ Կարծախ է գործուղվել համապատասխան մասնագետների խումբ, որոնք կազմել են տուն-թանգարանի ճարտարապետական և շինարարական նախագծերը։

2015 թվական

Ինչպես և նախատեսվում էր, 2015 թվականի հուլիսին «Ջիվանական օր» տոնակատարության շրջանակներում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հիմնարկեքի արարողությունը: Ջավախքի շրջանների ղեկավարության, ՀՀ-ից և Թբիլիսիից ժամանած մի շարք բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ և Սամցխե-Ջավախքի Ընդհանուր Առաջնորդականի օրհնությամբ՝ հիշատակի գրությամբ գլանակը տեղադրվեց պատի մեջ և այդպիսով հայտարարվեց շինարարական աշխատանքների մեկնարկը: Զուգահեռ իրականացվել է նաև թանգարանին անհրաժեշտ ցուցադրական և կենցաղային նյութերի հավաքագրման աշխատանքներ։

2016 թվական

Տուն-թանգարանի ցուցասրահի բացումը եղել է 2016 թվականի ամռանը՝ դրանով նշանավորելով մեծանուն աշուղի 170-ամյակը։ Տուն-թանգարանի նյութերի հավաքագրման, մշակման և դասակարգման աշխատանքներին նպաստել են Գյումրիում ձևավորված աշխատանքային խմբի անդամները՝ երաժշտագետ Հասմիկ Հարությունյանը, թանգարանագետներ Պարույր Զաքարյանը, Ստեփան Տեր-Մարգարյանը, Սուսաննա Մնացականյանը և շատ ուրիշներ: Տուն-թանգարանի ֆոնդի համալրման նպատակով թվայնացվել են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Ջիվանու ֆոնդի նյութերը, որոնցից առանձին ձեռագրեր ցուցադրվում են ցուցասրահում: Ձեռագրերից զատ հավաքագրվել են նաև Ջիվանու և նրան վերաբերող բազմաթիվ գրքեր, հոդվածներ, բազմաթիվ նյութեր, Ջիվանու երգերի և հեքիաթների գրեթե բոլոր հրատարակությունները՝ 1882 թվականից (առաջին գրքի հրատարակման տարեթիվը) մինչև մեր օրերը: Առանձին հատվածում ցուցադրվում են նաև 1984 թվականից (պաշտոնապես՝ 1985 թ.) ի վեր Ջավախքում անցկացվող Ջիվանիական երգի համաժողովրդական տոնակատարություններին նվիրված նյութերը, ինչպես նաև Ջիվանուն նվիրված տարբեր թերթերի բացառիկ համարներ և այլն: Տուն-թանգարանի ցուցասրահի պատերը զարդարում են Ջիվանու մանկությունը, զավակներին, ինչպես նաև աշուղի կյանքի ալեքսանդրապոլյան և թիֆլիսյան շրջանները ներկայացնող նյութերը՝ լուսանկարներ, ազդագրեր, մտքեր, Տալյանների, Ջիվանու տոհմական և գերդաստանական տոհմածառերը և այլն: Աշուղի ժառանգների մասին նյութերը հարստացվել են Ջիվանու դստեր՝ Հռիփսիմեի թոռան՝ երևանաբնակ Ջիվան Հակոբյանի, Կարզախցի Գագիկ Վարդերեսյանի և այլոց օգնությամբ: Ցուցասրահի կենտրոնական մասում Ջիվանու կիսանդրին է, որի աջ և ձախ մասերում տեղ են գտել Ջիվանու հռչակավոր ջութակն ու քյամանին: Կիսանդրու ետնապատը, որպես խորհրդանիշ Ջիվանու անմահ երգի («Ես մեկ ծառ եմ ծիրանի») և հայ ազգի հավերժության, ամբողջությամբ պարուրված է ծիրանենու պատկերով, որի վրա Ջիվանու ձեռագրով արտացոլված է աշուղի «Հովիկ» ջավախքաշունչ երգի քառատողերը: Ցուցասրահում առանձին տեղ են գրավում հայ և օտարազգի մեծերի լուսանկարները, ովքեր արժևորել են Ջիվանուն կամ իրենց կյանքով ու գործով սերտորեն կապված են աշուղի հետ: Աշուղի երգերի տարբեր տարիների լավագույն կատարողներն ու մշակողները նույնպես ընդգրկված են ցուցադրությունում: Ցուցադրությունն ավարտվում է Խոջիվանքում ամփոփված Ջիվանու տապանաքար և Ջիվանու հիշատակը հավերժացնող աշուղական դպրոցի (հիմնվել է Երևանում՝ 1997 թ.), փողոցների և հուշարձանների պատկերները։

2017 թվական

2017 թվականի օգոստոսի 27-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) կողմից բացվել է տուն-թանգարանի հուշային հատվածը: Տան այս հատվածում Ջիվանին անցկացրել է կյանքի առաջին տարիները: Հուշային հատվածը վերականգնվել է՝ պահպանելով 19-20-րդ դդ. տարածաշրջանին հատուկ ավանդական բնակարանի առանձնահատկությունները, համալրվել այդ ժամանակվա կենցաղային իրերով՝ հավաքագրված Կարզախից և հարակից գյուղերից: Հուշային հատվածի վերականգնման աշխատանքներում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչության ջանքերով ներգրավվել են իրենց ոլորտներում առաջատար, մասնագիտական բարձր կարողություններով նվիրյալների մեծ թիմ. տուն-թանգարանի ճարատարապետական-շինարարարական նախագծերի հեղինակ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյան, թանգարանի ազգագրագիտական բովանդակության և ցուցադրության կազմակերպման պատասխանատուն ազգագրագետ, թանգարանագետ Արգամ Երանոսյան, իսկ առարկաների մշակմամբ և վերականգնմամբ զբաղվել է մշակութաբան Նարինե Եղիկյանը, տուն-թանգարանի շինարարությունը իրականացրել է գլխավոր շինարար Միտյա Գալոյանը՝ իր թիմով:Աշուղ Ջիվանին բնորոշվում է որպես «հայ աշուղական արվեստի Մաշտոց»: Գաղտնիք չէ, որ մինչ Ջիվանին հայ աշուղները մեծամասամբ ստեղծագործել են օտար լեզուներով: Ջիվանիով հայացավ հայ աշուղական արվեստը: Աշուղի երկրորդ պատվավոր բնորոշումն է «հայ աշուղական երգարվեստի Կոմիտաս»: Այստեղ էլ պետք է փաստել, որ աշուղական ստեղծագործությունները Ջիվանիով մաքրվեցին արևելյան ելևէջումներից: Այսպիսով՝ Ջիվանին ավանդեց մեզ օտար ելևէջումներից զերծ, մաքրամաքուր աշուղական արվեստ և իրավամբ կոչվեց «հայկական աշուղական դպրոցի հիմնադիր»:

0
Միջոցառումներ
0
Մասնակիցներ ամբողջ աշխարհից
0
Ցուցանմուշներ
0
Այցելուներ

Հարցերի դեպքում

Կապնվեք մեզ հետ +995 599 80 99 33