Աշխատանքային ժամեր 9:00–19:00

Աշուղ Ջիվանու կյանքը և կենսագրությունը

Մեծանուն աշուղ Ջիվանին (Սերովբե Ստեփանի Լևոնյանը) ծնվել է 1846 թվականին Ջավախքի, Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում:

(1846 թվականին Կարծախ գյուղում, Բանգոյենց Ստեփանի ընտանիքում մի մանուկ ծնվեց, պայծառ մի մանուկ, որը հետագայում լուսատու աստղի նման շողշողաց աշուղական գրականության երկնակամարում։ )

 Ինչպես հայտնի է  նրա նախնիները՝  1830 թվականին, ռուս –թուրքական պատերազմի հետևանքով Բասենից գաղթած Բենգոենց Գասպարի ընտանիքն է եղել:  Հայրը մահանում է երիտասարդ հասակում, իսկ մայրը ամուսնանում   և հեռանում է հարևան Դադեշ գյուղ: Սերովբեն այդ ժամանակ վեց տարեկան էր: Այսպիսով Սերովբեն՝ իր երկու  եղբայրների ՝ Քերոբի ու Փիլիպոսի, երկու քույրերի՝ Սրբուհու և Մարթայի հետ, շատ  վաղ հասակում զրկվում են մայրական խնամքից:  Մորից բաժանվելու վշտի ազդեցության տակ նա հետագայում գրում է իր հռչակավոր «Մայրիկ» երգը։

Սերովբեի հորեղբայրը՝ Մարտիրոսը, որը Կարծախում ճանաչված մարդ էր, իր վրա է վերցնում հինգ  որբուկների խնամքը։ Ժամանակներն ու պայմանները թույլ չեն տալիս, որ Սերովբեն կարողանա սիստեմատիկ կրթություն ստանալ։ Գյուղական խալիֆայական դպրոցում նոր էր գրել-կարդալ սովորել, երբ հորեղբայրը Սերովբեին դպրոցից դուրս է բերում և կարգում հորթարած։

Ուսման, երգի ու երաժշտության հանդեպ սերը նրա մեջ արթնանում է վաղ հասակից։ Եվ պատահակն չէ, որ նա ինքնուրույն շինում է երաժշտական գործիք՝ ձիու պոչի մազից և փայտից, որը եղել է քամանի նախատիպը:

 Համագյուղացի աշուղ Սիային, (գերեզմանը գտնվում է Կարծախի տարածքում) որին թուխ մաշկ ունենալու պատճառով կոչում էին Ղարա-Ղազար,  նկատում է պատանու հակումներն ու սերը և համաձայնվում է վերցնել վերջինիս իրեն աշակերտ։Ջիվանին Սիայուն աշակերտում է հինգ տարի։ Սովորում է ու հմտանում աշուղական երգարվեստի մեջ։ Նա շուտով սովորում է նաև սազ նվագել, տիրապետել աշուղական արվեստի նրբություններին ու յուրահատկություններին, հորինել է թուրքերենով ու հայերենով երգեր երբեմն էլ գերազանցել նաև իր վարպետին։ Ընդունված կարգի համաձայն՝ աշուղ Սիային նրան հինգ տարի անց շնորհում է աշուղի կոչում և աշուղին անվանակոչում  Ջիվանի, ի պատիվ իր հոր հիշատակի, որը փաղաքշական ձևով տղային ասում էր Ջիվանիկ:

Աշխատանքի բերումով 1864 թվականին Ջիվանին հորեղբոր հետ գնում է Թիֆլիս, ապա Ալեքսանդրապոլ,  որն աշուղների կենտրոնն էր համարվում։ Այստեղ ապրող ու ստեղծագործող աշուղների մասին նա լսել էր Կարծախ այցելած աշուղներից։ Թիֆլիսից դարձյալ աշխատանքի բերումով Ջիվանին գնում է Ալեքսանդրապոլ՝ հայ աշուղների հայտնի հավաքատեղի  Տալոյանների սրճարան, ընդառաջելով ներկաներին, երգում է իր հորինած երգերը և գովասանքի արժանանում սրճարանում ներկա գտնվող աշուղների կողմից։ Նրանք այսպես են նկատագրում սրճարան մտած պատանուն ՝«Մի 17-18  տարեկան, առողջ բարձրահասակ գյուղացի, մեծ ոչխարի բրդից փափախը գլխին, սպիտակ շալե չեքեզկայով, ու շալվարով, մեջքին կապած գույնզգույն մետաքսե գոտի, ոտքին տրեխ և թևատակ դրած իր ինքնաշեն քամանով» իր վրա է հրավիրում սրճարանում գտնվողների ուշադրությունը:

Կոջոյան Հակոբ Կարապետի (1883 - 1959)

Հենց այս տարիներին Ջիվանին ծանոթանում է Կարծախ այցելած նորբայազետցի աշուղ Սազայու (Աղաջան) հետ, որի համատեղ աշխատելու առաջարկը նա ընդունում է: Երկու երիտասարդ աշուղները սկսում են միասին հանդես գալ։ Սկզբնական շրջանում նրանք հանգրվանում են Թիֆլիսում, ելույթներ ունենում Մեյդան Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ գտնվող Սոնայենց Կարապետի  սրճարանում, (հետո Պետրոս Ասլանեանցի)։ Կարճ ժամանակամիջոցում նրանք անուն ու հռչակ են ձեռք բերում։

Թիֆլիսում Ջիվանին մնում է մեկ տարի։ Արդեն հայտնի դարձած աշուղ Ջիվանուն Տալոյան եղբայրները հրավիրում են Ալեքսանդրապոլի իրենց սրճարանում երգելու:

1868թվականին Ջիվանին  տեղափոխվում է ու հաստատվում Ալեքսանդրապոլում, որը դառնում է նրա երկրորդ հայրենիքը:

1871 թվականին նա արդեն սեփական խումբ ուներ և մշտապես ելույթներ էր ունենում Տալոյան եղբայրների սրճարանում :

1872 թվականին Ջիվանին ամուսնանում է սրճարանի տիրոջ՝ Հովհաննես Տալոյանի դստեր՝ Աշխենի հետ։ Նրանք ունենում են վեց զավակ, այդ թվում՝ հրատարակիչ-խմբագիր, աշուղագետ, մատենագետ, (ՀՀ-ում արվեստի վաստակավոր գործիչի կոչում առաջին անգամ շնորհվել է Գարեգին Լևոնյանին) Գարեգին Լևոնյանը (1872-1947) և քաղաքական, հասարակական, ազգային գործիչ Պարույր Լևոնյանը (1884–1933) Ալեքսանդրապոլում մեծահամբավ աշուղներ Ջամալին, Զահրին, Մալուլը, Ղեյրաթին, Ֆիզային հոգատարությամբ են շրջապատել նրան։ Շուտով Ջիվանին ընտրվել է «ուստաբաշի» (գլխավոր վարպետ,աշուղաց աշուղ) :

Մինչն 1880-ական թթ. նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում։

1870–90-ական թթ. հասարակական մտքի և ազգային-ազատագրական շարժման վերելքի տարիներին Ջիվանու սիրային, քնարական երգերին փոխարինելու են գալիս բողոքի և ըմբոստության երգերը։

Ջիվանու ստեղծագործությունն իր դարաշրջանի հայ իրականության հայելին է։ Նա ոչ միայն նկատել ու արձանագրել է տվյալ ժամանակահատվածի կարեւորագույն հարցերն՝ տիրող անարդարությունն ու բռնությունն, այլև ընդվզել է դրանց դեմ։Ջիվանին քարոզել է հետամուտ լինել լուսավորությանն ու գիտությանը սիրել հայրենիքն ու ընտանիքը, աշխատանքով վաստակել հանապազօրյա հացը, երբեք չհուսահատվել, քանի որ «ձախորդ օրերը կուգան ու կերթան»։ Նրա համար խորթ են ազգային և կրոնական խտրությունները։

Նա երգել է համերաշխության, եղբայրության, երգել է հայրենիքի, ինչպես նաև մաքուր ու անաղարտ սիրո մասին այդ երգերից շատերն այժմ էլ երգում են («Պաղ աղբյուրի մոտ», «Նազելույս ամպ է իջել» և այլն)։

Ջիվանու քնարի ամենահնչեղ լարը հայրենասիրությունն է: Նրա ստեղծագործություններից զգացվում են ժողովրդի վիրավոր ու ցավատանջ սրտի տրոփյունը: Իր կյանքի տառապանքներն ու ընդվզումն, իր մշակույթի, լուսավոր ապագայի համար:  

Այստեղից էլ նրա կյանքի նպատակը՝

Ջիվա՛ն ազիգդ հավատարիմ ծառայե,

Տեղը եկավ՝ մինչև կյանքդ ընծայե:

Ջիվանին հրապարակախոս է, փիլիսոփա, բարոյագետ, երգահան, երգիչ, բանաստեղծ։ Նրա իմաստուն խրատներն ու խորհուրդները բերնեբերան տարածվել են ժողովրդի մեջ և գործածվում են որպես աֆորիզմներ։

Ջիվանին 19-րդ դարի ամենամեծ աշուղն է հայ իրականության մեջ. նա աշուղական արվեստը բարձրացրել է մի նոր աստիճանի, ստեղծել իր դպրոցը, որը հայ բանագիտության մեջ իրավամբ կոչվում է ազգային աշուղական դպրոց։

Ջիվանին աշուղական երգը մաքրել է  օտար բառերից, ստեղծել բանաստեղծական պարզ ու անպաճույճ լեզու։ Մեծապես նպաստել է գրական աշխարհաբարի զարգացմանը։

Առանձին կարևորություն ունի Ջիվանու երաժշտական արվեստը, իր ոտանավորների զգալի մասը նա հորինել է երգելու համար։ 1871 թվականից սկսած Ջիվանին ունեցել է սեփական խումբ՝ հիմնականում բաղկացած երեք կամ չորս հոգուց։ Նրա խմբի հիմնական անդամներից էր աշուղ Ջամալին՝ Ջիվանու կնոջ եղբայրը, ինքը նվագում էր ջութակ, Ջամալին՝ սանթուր, Ալեքսին՝ թառ, էրզրումցի Հարութիկը՝ կլառնետ։

 Ջիվանին նվագել է ծնկին դրվող ջութակ նաև՝ քաման, երգել զորավոր ու զգայուն և ինչպես ժամանակակիցներն են ասում ունեցել է շատ քաղցրիկ ձայն։

Ջիվանին ծանոթ է եղել այդ ժամանակ Ալեքսանդրապոլ այցելած բազմաթիվ հայտնի մարդկանց հետ, հետաքրքրական է Ջիվանու և Ավետիք Իսահակյանի առաջին հանդիպումը:

Մեծանուն բանաստեղծը, մտնելով աշուղական սրճարան, ուշադրություն չի դարձրել աշուղ Ջիվանուն, վերջինս, վիրավորված բանաստեղծի վերաբերմունքից, հանպատրաստից հյուսել է «Քանքարավոր ընկեր» երգը :

1895 թվականին Ջիվանին ընտանիքով տեղափոխվում  ու հաստատվում է Թիֆլիսում,ուր և ապրում է մինչև կյանքի վերջը՝ 1909 թվականը։ Հաստատվելով Թիֆլիսում՝ նա նպատակ ուներ նյութապես ապահովել ընտանիքը և ամենակարևորը՝ զավակներին լավ կրթություն տալ։ Որդիների կրթությունը, նրանց ապագան միշտ մտահոգել է աշուղին, որն արտահայտվել է նաև նրա մի շարք երգերում։ Թիֆլիսում, սակայն, Ջիվանին չի կարողանում քիչ թե շատ ապահով կյանք վարել։ Կարիքը, չքավորությունը նրան մշտապես հետապնդում են։ Նրա երազանքն է եղել «Ունենալ շնորհք, միտք ու խելք, որ կրթեմ զավակներս՝ չմտած դագաղ»: Իր անուսում լինելը նա պատճառաբանում էր ընտանեկան միջավայրով: Աշուղի բազմանդամ ընտանիքի նյութական վիճակն այդպես էլ չի բարելավվում, դրա հետ օրեցօր վատանում էր նրա առողջությունը, ավելի թուլանում առանց այն էլ վատ տեսողությունը:

1896–1900 թվականներին Ջիվանին տեսողությունը վերականգնելու նպատակով մեկնում է Բուլղարիա՝ Պլովդիվ քաղաք։ Բարեկամների խորհրդով նա գնում է Վիեննա, դիմում մասնագետների, բայց վերադառնում է անարդյունք:

Կյանքի վերջին տարիներին Թիֆլիսում Ջիվանին ելույթ էր ունենում վանեցի Պետրոս Ասլանյանի սրճարանում, այդ սրճարանի ճակատային հատվածում փակցված էր մի փոքր ցուցանակ. «Սրճարան՝ ուր երգե աշուղ Ջիվանին»:

Ժամանակ անց՝ Ջիվանին իր խմբով տեղափոխվում է Սուրբ Գևորգ եկեղեցու դիմաց գտնվող Հաշտոնց Գասպարի սրճարանը։ Սրճարանատիրոջը դժվարությամբ է հաջողվում Ջիվանուն Ասլանյանի «ձեռքից խլել»: «Գասպարի սրճարանը անհամեմատ ավելի ընդարձակ էր, տեղն էլ բանուկ, մարդաշատ: Սրճարանը ամեն օր լեփ-լեցուն էր բազմությամբ»: Գասպարի սրճարանի հաճախորդներից է եղել ժողովրդական հերոս Անդրանիկ Օզանյանը:

 

Ջիվանին վախճանվել է 1909 թվականի փետրվարի 24-ին։ Անվանի աշուղի հուղարկավորությանը մասնակցել են տարբեր ազգերի մեծ թվով ներկայացուցիչներ։ Այդ օրերին «Դաշնակցության» գործով Մետեխի բանտում գտնվող Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը, երբ հուղարկավորության թափորն անցնում էր բանտի մոտով, վանդակապատ պատուհանից վերջին հրաժեշտն են տվել մեծ աշուղին՝ թաշկինակները թափահարելով:

Ջիվանու աճյունը ամփոփված է Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը

 

Մեզ է հասել Ջիվանու շուրջ 1200 երգեր։